Քննարկվել է Հայաստանի համար 2021-2025թթ. ՄԱԶԾ Ծրագրային փաստաթղթի իրականացման ընթացքը

Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում, որի շրջանակներում քննարկվել են Հայաստանի համար 2021-2025թթ. ՄԱԶԾ Ծրագրային փաստաթղթի իրականացման ընթացքը և գալիք հնգամյակում Հայաստան-ՄԱԶԾ համագործակցության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների և ՄԱԶԾ ու ՄԱԿ մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչները:
Հանդիպմանը բացման ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ով բարձր է գնահատել ՄԱԶԾ աշխատանքները Հայաստանում իրավական և վարչական բարեփոխումների, խոցելի խմբերի կարիքներին արձագանքման, կանանց առաջխաղացման, բնապահպանության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականներին աջակցության, աղետներին արագ արձագանքման ոլորտներում: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ՀՀ-ՄԱԶԾ ծրագրային համագործակցությունը պետք է բխի ՀՀ կառավարության գերակայություններից, որը հնարավորություն կտա միջազգային աջակցությունը համապատասխանեցնել Հայաստանի ներկայիս կարիքներին և մարտահրավերներին։
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ներկայացրել է 2020-2025 թթ. Երկրի ծրագրային փաստաթղթի հիմնական արդյունքները և գրանցված ձեռքբերումները:
Հանդիպման ընթացքում տարբեր գերատեսչությունների և Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ոլորտային խնդիրներին և ձեռքբերումներին՝ նախանշելով համագործակցության գերակայությունները:
Երկրի ծրագրային փաստաթուղթը (Country Programme Document) հիմնարար ուղենշային փաստաթուղթն է, որը սահմանում է Կայուն զարգացման նպատակների իրագործման ուղղությամբ Հայաստանի և ՄԱԶԾ միջև համագործակցության առանցքային ուղղությունները՝ հիմնված Հայաստանի Հանրապետության կարիքների և առաջնահերթությունների վրա։