Ովքեր են առաջադրվել Գյումրու համայնքապետի ընտրություններում

Առաջիկայում՝ Գյումրի համայնքի ընտրություններին ընդառաջ, թեժ պայքար է սպասվում առաջադրված թեկնածուների միջև։
Օրերս Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել էր, որ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։ Հանձնաժողովը հաստատել է նաև ընտրությունների անցկացման և նախապատրաստման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։
ArmLur.am-ը ներկայացնում է Գյումրու Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին արդեն առաջադրված հայտնի թեկնածուների ցանկը։
Նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ քրեական գործի հարուցումից հետո Գյումրիի ավագանու իշխող «Բալասանյան» դաշինքն առանց բացատրության անցած հոկտեմբերին հրաժարվեց քաղաքի կառավարումից, ինչից հետո էլ արտահերթ ընտրության անհրաժեշտություն առաջացավ։
Նախքան արտահերթ ընտրությունը Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում փրայմըրիզ անցկացրեց, հաղթողին էլ վարչապետը քաղաքի ժամանակավոր ղեկավար նշանակեց։
Այսպիսով, Գյումրու քաղաքապետի արտահերթ ընտրություններին իրենց թեկնածություն են առաջադրել՝
Ազգային Ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը,
Հանրային գործիչ հանդես եկող Ռուբեն Մխիթարյանը,
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, որի ցանկը գլխավորում է Գյումրու ավագանու նախկին ԲՀԿ-ական, հետո անկուսակացական դարձած Արտյոմ Ղարաղազարյանը,
«Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության ներկայացուցիչ Սարիկ Միասյանը,
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը,
«Մայր Հայաստան» դաշինքից Կարեն Սիմոնյանը:
Հարկ է նշել, որ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման համար օգտահաշիվ ստանալու համար ԿԸՀ դիմումներ կարող են ներկայացնել փետրվարի 21-ից մարտի 5-ը, մինչև ժամը 18։00-ը, նշված է հանձնաժողովի հաղորդագրությունում:
Սա նշանակում է, որ ներկայացված ցուցակը դեռ վերջնական չէ, և դեռ մինչև մարտի 5-ը հնարավոր է՝ նոր առաջադրումներ լինեն։
Հիշեցնենք նաև, որ վերջին մեկ ամսվա ընթացքում իշխանության կողմից ակնհայտ իրականացվող արշավի շրջանակներում նախ «Բալասանյան» դաշինքից նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, ապա Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի տնային կալանքը փոխվել է բանտային կալանքով։ Ապա ձերբակալվեց նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը, ապա ազատ արձակվեց։
Սա ևս մեկ ապացույց է, որ իշխանությունները փորձում են ճնշում, գործադրել առաջադրված և իրենց մրցակից քաղաքական ուժերի վրա։