«ՄԼ Մայնինգ»-ի տարածքից անհետացել է սնանկ ճանաչված ընկերությանը պատկանող՝ մոտ 500 մլն դրամ արժողությամբ ապրանք

Փետրվարի 18-ին Ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում ստացվել է տեղեկություն այն մասին, որ «Մոնոլիտ Բիլդինգ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արամ Մկրտչյանը հայտնել, թե ՀՀ սնանկության դատարանի վճռով 2024թ. մարտի 13-ին «Մոնոլիտ Բիլդինգ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ:
Սնանկության գործի շրջանակներում 2024թ. նոյեմբերի 1-ին «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի տարածքում կատարվել է «Մոնոլիտ Բիլդինգ» ՍՊԸ-ին պատկանող գույքի գույքագրում, որի ժամանակ գույքագրվել է 87 անվանում ունեցող գույք, որի արժեքը կազմել է 110 մլն 337 հազար 50 դրամ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Մոնոլիտ Բիլդինգ» ՍՊԸ-ի գույքը փաստացի 2023թ. հունվարի 30-ի դրությամբ 1725 անվանացուցակով գտնվել է Բաբաջանյան 42/5 հասցեում՝ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի տարածքում և փաստացի գույքագրման ժամանակ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի տարածքից անհետացել կամ ոչնչացվել է 1638 ապրանքատեսակ, որի ընդհանուր արժեքը կազմել է 479 մլն 911 հազար 611 դրամ:
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 256 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։