Հայկական հեռուստատեսությունն անհնար է պատկերացնել առանց Ձեզ. Փաշինյանը շնորհավորել է Նառա Շլեպչյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանին 90-րդ տարեդարձի առիթով:
«Սիրելի՛ տիկին Շլեպչյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի առիթով։
Իրավամբ, հայկական հեռուստատեսությունն անհնար է պատկերացնել առանց Ձեզ:
Հղկված ու գեղեցիկ խոսքով Դուք նոր որակ և ճաշակ բերեցիք Հանրային հեռուստատեսություն՝ դառնալով բազում երիտասարդ հաղորդավարների կուռքը և արժանիորեն վաստակելով Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարի պատվավոր կոչումը։
Շուրջ կես դար Դուք անձնվիրաբար ծառայել եք հայկական հեռուստատեսության կայացման գործին՝ դառնալով մի ողջ դարաշրջանի խորհրդանիշը, կրթելով և դաստիարակելով երիտասարդ հաղորդավարների նոր սերունդ։
Դուք հեղինակել և վարել եք հաղորդաշարեր, որոնք, իրավամբ, նպաստել են Հայաստանի մշակութային կյանքի զարգացմանը, հասարակական կարծիքի ձևավորմանը։
Ձեր նվիրվածությունը հարազատ հեռուստաընկերությանն օրինակելի է դարձել հեռուստահաղորդավարների հաջորդ սերունդների համար, որոնց հետ Դուք շարունակում եք կիսվել Ձեր մասնագիտական հմտություններով և հեռուստատեսության ու հաղորդավարական արվեստի գաղտնիքներով։
Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն և անսպառ եռանդ»,- ասված է ուղերձում: