Կոնգոյի զինվորականները վերսկսել են մարտերը ապստամբների հետ երկրի արևելքում

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) զինված ուժերը երկրի արևելքում գտնվող Հարավային Կիվու նահանգում կռվում են ապստամբների հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Կառավարական ուժերին հաջողվել է անօդաչու թռչող սարքի միջոցով սպանել ապստամբների առաջնորդ Միշել Ռուկունդային, սակայն նախօրեին զինված դիմակայությունը վերսկսվել է Մինեմբվե շրջանում։
Հունվարի վերջին ապստամբները գրավեցին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան ամենամեծ քաղաքը՝ Գոման, իսկ փետրվարին վերահսկողության տակ առան Հարավային Կիվու նահանգի մայրաքաղաք Բուկավուն։
Երբ Անգոլայի միջնորդական ջանքերը ձախողվեցին, ապստամբական շարժումը վերսկսեց իր հարձակումները երկրի արևելքում: Հանրապետության իշխանությունները հարևան Ռուանդային մեղադրում են ապստամբներին աջակցելու մեջ և կոչ են անում դուրս բերել զորքերը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից։ Ռուանդան հերքում է բոլոր մեղադրանքները։