ՔՊ-ական Էմմա Պալյանի եղբայրը ներողություն է խնդրել «ղարաբաղցի՞ ես, թե՞ հայ» մեկնաբանության համար

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․
«Ազգային Ժողովի ՔՊ-ական պատգամավորուհին, իրեն հասանելի տրամաբանությամբ, փորձել է լղոզել արցախցիների նկատմամբ ատելություն քարոզող իր եղբոր գրառումը՝ այդ քաղաքական ուժին բնորոշ քստմնելի ոճով մեղադրելով գրառումը հրապարակած անհատներին, ուստի ստիպված եմ տեղադրել նաև այդ տիկնոջ եղբոր նամակագրությունը, որով մարդն, ի տարբերություն իր քրոջ, ընդունում է սեփական սխալը և պատճառաբանում, որ պահի ազդեցության տակ է արել։
Տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարատակելու փոխարեն ընդամենը ներողություն խնդրել հասարակությունից՝ օգնական-եղբոր վարքագծի համար։ Թեև դա նույնպես չի կարող փարատել այն հիմնավոր կասկածը, որ յուրաքանչյուր միջին ՔՊ-ական նաև արցախատյաց է»։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Պալյանի եղբայրը սոցցանցում մեկնաբանություն է արել՝ օգտատերերից մեկին հարցնելով․ «Ղարաբաղցի՞ ես թե՝ հայ»։
Նշենք, որ ՔՊ-ական պատգամավորը ևս անդրադարձել է եղբոր գրառմանը․
«Որոշ լրատվականներ և անհատներ փորձում են եղբորս գրառման մեջ բաժանարար գծեր գտնել։ Եղբայրս նկատի է ունեցել «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերը։ Ուզում եմ մեկ բան հստակ ասել՝ սա ոչ թե տարանջատում է, այլ պարզապես աշխարհագրական տարբերություն, ինչպես կասեինք՝ շիրակցի, սյունեցի կամ լոռեցի»,- գրել է ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը։
«Որևէ խտրականություն լինել չի կարող։ Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր փորձում են այս թեմայով շահարկումներ անել, պիտի հասկանան՝ մեր միասնությունը բառերով չեն կարող խարխլել»,- նշել է նա։