Նոր նշանակում՝ ներքին գործերի նախարարությունում

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի փետրվարի 21-ի հրամանով Խաչատուր Իգիթյանը նշանակվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի տեղակալ։ Այս մասին տեղեկացրին ՆԳՆ-ից։
Խաչատուր Իգիթյանը ծնվել է 1993 թվականի հունիսի 10-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում։ Նա ունի ֆինանսական և իրավաբանական կրթություն, ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Երևանի «ՄԱՆՑ» համալսարանը։
Իր մասնագիտական գործունեության ընթացքում Իգիթյանը աշխատել է ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, եղել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, ապա՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության քաղաքացիների սպասարկման բաժնի պետ, դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ 2024 թվականի մարտի 28-ից մինչ այժմ զբաղեցնում էր ՀՀ ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետի պաշտոնը։
Խաչատուր Իգիթյանն ունի գիտական հետազոտությունների հարուստ փորձ ֆինանսների և կորպորատիվ ֆինանսական մենեջմենթի ոլորտներում։ Նա հեղինակել է 10 գիտական հոդված և 1 մենագրություն։ Իր ծառայության ընթացքում արժանացել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից արտահերթ կոչման և շնորհակալագրի։ Ամուսնացած է, ունի դուստր։