Արմեն Սարգսյանի սպանության գործով ձերբակալվածներ կան․ նրանք ՀՀ քաղաքացի են

Մոսկվայի «Ալիե Պարուսա» բնակելի համալիրում «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործով կան կալանավորվածներ:
RT-ն նոր մանրամասներ է պարզել՝ նշելով, որ նրանք պարողներ են:
Ըստ առկա տեղեկությունների՝ նրանք Արման Պ.-ն և Հրաչյա Պ.-ն են, բերման են ենթարկվել մոտ երկու շաբաթ առաջ։
RT-ին հայտնի է դարձել, որ երկու ձերբակալվածներն էլ ծնվել են Հայաստանի Էջմիածին քաղաքում և երկար տարիներ աշխատել Ռուսաստանում։
«Հրաչյան պարահանդեսային պար է դասավանդում, իսկ Արմանը նրա մոտ սովորել է Հայաստանում։ Հետագայում նա ևս դարձել է պրոֆեսիոնալ պարող։ Համոզված ենք, որ նրանք ոչ մի բանում մեղավոր չեն։ Նրանք երկուսն էլ պարողներ են, մրջյունին չէին վնասի»,- RT-ին ասել է Արմանի եղբայրը։
Նրա խոսքով՝ Արմանը փաստաբան չունի, իսկ հարազատները չգիտեն, թե ինչու են նրան բերման ենթարկել։ Տղամարդը պնդում է, որ Արմանն ու Հրաչյան ծանոթ են Պարույր Մ.-ի հետ, ում հետաքննությունը համարում է պայթյունն իրականացնող։
Նախնական տվյալներով՝ Արմանը վերջին տարիներին Մոսկվայի մարզի Խիմկիում վարսավիր է աշխատել, իսկ Հրաչյա Պ.-ն 2000-ականների սկզբից Մոսկվայի մարզում՝ որպես պարուսույց և ուսուցիչ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի դեսպանությունը որևէ տեղեկություն չի ստացել բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետ կապված երկրի քաղաքացիների բերման ենթարկելու մասին։
Փետրվարի 3-ին հայտնել էինք, որ Մոսկվայի «Ալիե Պարուսա» բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել էր «Արբատ» առանձին հատուկ նշանակության գումարտակի հիմնադիր և Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը:
Վերջինս կարճ ժամանակ անց հիվանդանոցում մահացել էր:
Փետրվարի 4-ին իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ պայթյունը, ամենայն հավանականությամբ, իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը։ Նրա մարմինը խիստ այլանդակված է եղել:
Նախնական վարկածով՝ կատարվածը մահափորձ է եղել, թիրախը՝ հենց Սարգսյանը:
Սպանվել է նաև Սարգսյանի անվտանգության աշխատակիցներից մեկը: Ընդհանուր առմամբ, պայթյունի հետևանքով վիրավորվել է չորս մարդ, այդ թվում՝ անվտանգության այլ աշխատակիցներ և դռնապան։
ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, և Մոսկվայի դատախազությունն իր վերահսկողության տակ է վերցրել հետաքննությունը։
Արմեն Սարգսյանը պատանեկության տարիներին Հայաստանից տեղափոխվել է Ուկրաինա՝ Գորլովկա (քաղաք, որը գտնվում է Դոնեցկից հյուսիս, 2014-ին այն անցել է Դոնեցկի վերահսկողության տակ։ 2022-ի աշնանը Ռուսաստանը տարածաշրջանը ներառել է իր տարածքում), որտեղ նա ապրել է «իր ողջ գիտակցական կյանքը»:
2022 թվականին նա ստեղծել է «Արբատ գումարտակը» կամ ավելի հայտնի՝ հայկական գումարտակը, որը մտնում է միջազգային «Պյատնաշկա» բրիգադի կազմի մեջ։
2023 թվականի ամռանը «Արբատ»-ը պայմանագիր է կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, հրամանատարությունը ստանձնել է Հայկ Գասպարյանը, որը նախկինում ծառայել է «Վագներ»-ի ՊՄԿ-ում։