Հռոմի պապի վիճակը բարելավվել է, նա աշխատում է հիվանդանոցից

Հռոմի Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակը բարելավվել է, նա առույգ է և որոշ աշխատանք է անում հիվանդանոցից։ Այս մասին փետրվարի 20-ին հայտնել է Վատիկանի խոսնակ Մատեո Բրունին՝ նշելով, որ Հռոմի պապը գիշերը լավ է քնել և կարողացել է նախաճաշել։
88-ամյա Ֆրանցիսկոս պապն արդեն ութ օր է՝ գտնվում է Հռոմի «Ջեմելի» հիվանդանոցում, որտեղ բուժվում է երկկողմանի թոքաբորբից։ Հիվանդանոց ընդունվելուն նախորդող մի քանի օրերին նա շնչառական դժվարություններ ուներ։
Վատիկանում Reuters-ի աղբյուրներից մեկն իր հերթին հայտնել է, որ Ֆրանցիսկող պապը շնչում է ինքնուրույն՝ առանց շնչառական սարքերի օգնության, կարողանում է տեղաշարժել հիվանդասենյակում, նույնիսկ զանգեր է ընդունում և փաստաթղթերի հետ կապված որոշ գործեր անում։
Ֆրանցիսկոսը, որը Հռոմի պապ է դարձել 2013 թվականից, թույլ առողջություն է ունեցել վերջին երկու տարիներին։ Նա հատկապես հակված է թոքային հիվանդությունների, քանի որ երիտասարդ տարիքում հիվանդության պատճառով նրա թոքի մի մասը հեռացվել է։
Պաշտոնաթող կաթոլիկ կարդինալներից մեկը փետրվարի 20-ին չէր բացառել, որ Ֆրանցիսկոս պապն իր փխրուն առողջության պատճառով կարող է հրաժարվել 1,4 միլիարդ հետևորդ ունեցող կաթոլիկ եկեղեցու հովվապետի աթոռից, ինչպես դա արել է նրա նախորդ լուսահոգի Բենեդիկտոս XVI պապը:
Ֆրանցիսկոս պապը նախկինում բացառել է պաշտոնաթող լինելու հնարավորությունը՝ 2024 թվականին դա անվանելով միայն «հեռավոր վարկած»։