Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ունեցվածքը բռնագրավելու փորձերը

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի իշխանությունների՝ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի ունեցվածքը բռնագրավելու փորձը, ընդգծելով, որ դա կրոնական ազատության խախտում է և սպառնում է Երուսաղեմի քրիստոնեական համայնքներին։ ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Ջերի Փիլան իր հայտարարության մեջ նշել է, որ այս քայլը վտանգավոր նախադեպ է ստեղծում։
«Դատապարտում ենք այս գործողությունը որպես կրոնական ազատության դեմ աղաղակող ոտնձգություն և Երուսաղեմի սրբավայրերի կառավարման պատմական ստատուս քվոյի անհանգստացնող խախտում», – նշված է հայտարարության մեջ։
Փիլայը շեշտել է, որ Հայոց պատրիարքարանը դարեր շարունակ քրիստոնեական այլ հաստատությունների հետ միասին պահպանել է Սուրբ Երկրի ժառանգությունը, ծառայելով որպես հավատքի և արդարության փարոս։ Նա ընդգծել է, որ պատրիարքարանի դեմ իրականացվող հարկադրական միջոցները ոչ միայն իրավական և բարոյական ծաղրանք են, այլ նաև վտանգավոր նախադեպ, որը սպառնում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական հաստատություններին։
«Այս անխոհեմ գործողությունը քրիստոնեական համայնքների դեմ ուղղված ճնշումների, հողային վեճերի և ահաբեկման լայնածավալ գործողությունների մի մասն է, որոնք ԵՀԽ-ն բազմիցս դատապարտել է»,-նշել է Փիլայը։
Խորհուրդը կոչ է անում Իսրայելի կառավարությանը անհապաղ սառեցնել օտարման ընթացակարգերը և պահպանել Երուսաղեմի միջազգայնորեն ճանաչված ստատուս քվոն։
ԵՀԽ-ի գլխավոր քարտուղարը նաև միջազգային հանրությանը, կրոնական և քաղաքական առաջնորդներին հորդորել է վճռական քայլեր ձեռնարկել՝ քրիստոնեական համայնքների իրավունքների պաշտպանության և Սուրբ Երկիրը որպես խաղաղության և համակեցության վայր պահպանելու համար։
Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը ահազանգել է, որ Իսրայելի իշխանությունները փորձում են խլել Հայոց եկեղեցուն պատկանող ունեցվածքը։
Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է բռնագանձել դարեր շարունակ Հայ առաքելական եկեղեցու թեմին պատկանող գույքը և աճուրդի հանել այն՝ իբրև թե 1994 թվականից ի վեր գոյացած համայնքային պարտքերի դիմաց։