Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին 22։00-ի դրությամբ

Փետրվարի 21-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ Նաիրիի, Աբովյանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ամասիայի, Աշոցքի, Մարտունիի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Արմավիրի, Բաղրամյանի, Վարդենիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան քաղաք, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Թումանյան և Մեղրիի լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վերոնշյալ ճանապարհահատվածները փակվել են երթևեկության անվտանգությունից ելնելով պարեկային ծառայության հետ համագործակցության արդյունքում։ Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի։
Աշոցքի, Ամասիայի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սիսիանից մինչև «Զանգեր» կոչվող հատվածում և Տիգրանաշենի ոլորաններում բուք է։ Արարատի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Նոյեմբերյանի, Մասիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: