Ղրղզստանն ու Տաջիկստանը ստորագրել են սահմանազատման վերաբերյալ վերջնական արձանագրությունը

Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանազատման գործընթացը հասել է իր ավարտին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը վկայակոչելով 24KG կայքէջը, Ղրղզստանի կառավարության ղեկավարի տեղակալ Կամչիբեկ Տաշիևը հայտարարել է, որ երկու երկրների ներկայացուցիչները ստորագրել են ղրղզա-տաջիկական սահմանի սահմանազատման մասին վերջնական արձանագրությունը։
«Այսօր պատմական օր է մեր ժողովուրդների համար։ Մենք ստորագրել ենք ղրղզա-տաջիկական սահմանի սահմանազատման մասին վերջնական արձանագրությունը»,-նշել է Տաշիևը։
Նրա խոսքով՝ նախապատրաստվել են մի շարք կարևոր փաստաթղթեր, այդ թվում՝ պետական սահմանի մասին պայմանագիր, կառավարությունների միջև էներգետիկ օբյեկտների և ջրային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր, խաչմերուկներից օգտվելու և նոր ճանապարհներ կառուցելու մասին համաձայնագիր։
Փաստաթղթերը պատրաստվել են երկու երկրների նախագահների ստորագրման համար։