Բոլոր ավտոբուսներն ապահովված են համասեզոնային անվադողերով. «Երևանի ավտոբուսի» խոսնակ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը «Լուրերի» հետ զրույցում անդրադարձել է ավտոբուսների անվադողերի վերաբերյալ քննարկումներին՝ նշելով, որ բոլոր ավտոբուսներն ունեն համասեզոնային անվադողեր:
«Ավտոբուսների դեպքում ձմեռային և ամառային անվադող եզրույթ գոյություն չունի ամբողջ աշխարհում։
Կառավարության 2007 թ․ հունիսի 28-ի 955-Ն որոշմամբ, որը լրամշակվել է 2024 թ․ տարեվերջին, սահմանվում է, որ սառցակալած և ձյունածածկ ճանապարհներին նոյեմբերի 15-մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածում արգելվում է դուրս գալ երթուղի, եթե տրանսպորտային միջոցի անվադողերի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը 4 մմ-ից պակաս է։
«Այսինքն՝ գործ ունենք համասեզոնային անվադողերի միայն մաշվածության կարգավորման հետ։ Ըստ այդմ՝ նոր ավտոբուսների դեպքում այդ խնդիրը ունենալ չէինք էլ կարող, քանի որ «Հայգերի» ու «Ժոնգթոնգի» դեպքում ու փոքր դասի միկրոավտոբուսների գործարանային անվադողերը թույլատրվում է շահագործել մինչև 75․000 կմ, իսկ «Ման»-ը՝ 120․000 կմ։ Ինչ վերաբերում է արդեն իսկ այդքան մաշվածություն ունեցող տրանսպորտային միջոցների անվադողերին, ապա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին շուրջ 600 տրանսպորտային միջոցի անվադող փոխարինվել է նոր համասեզոնայինով։ Ձմեռային անվադող ունենում են միայն փոքր դասի միկրոավտոբուսները. բոլոր 100-ն էլ նոյեմբերին փոխարինվել են ձմեռային անվադողերով։ Ըստ այդմ՝ խնդիրն այդ դաշտում փնտրելու մասին խոսելն անգամ ավելորդ է»։