Մակրոնը կոչ է անում համաձայնեցել Եվրոպայի «զանգվածային պաշտպանության» պլանը

Եվրոպային անհրաժեշտ է համաձայնեցնել «զանգվածային պաշտպանության» պլան և իր տարածքում զենքի արտադրության բնագավառում ավելի շատ ներդրումներ կատարել առկա անորոշության պայմաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով սոցցանցերի օգտատերերի հարցերին։
Նա հայտարարել է, որ եվրոպացիների շրջանում «անհանգստություն է հարուցում» Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, ինչպես նաև անորոշությունը՝ կապված Վաշինգտոնի կողմից ՆԱՏՕ-ին հետագա աջակցության հետ. ԱՄՆ-ն ԵՄ-ից պահանջում է ավելի մեծ ներդրում սեփական անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև Գրենլանդիան միացնելու պլաններ է կազմում: Բացի այդ, Մամկրոնը հայտարարել է, թե Ռուսաստանն ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում Եվրոպայի նկատմամբ և սպառնալիք է ներկայացնում նրա համար։
«Մեզ անհրաժեշտ է 5-10 տարվա ռազմավարություն, որը կայանում է նրանում, որ մենք՝ եվրոպացիներս, անենք ավելին, որ ամերիկացիներից վերցնենք (խմբ.՝ Եվրոպայի պաշտպանության) բեռի մի մասը և լինենք էլ ավելի ինքնավար», - Մակրոնի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
«Այդ ռազմավարական զարթոնքը պետք է մեզ տանի Եվրոպայում զանգվածային պաշտպանության մասշտաբային ներդրումների պլանի որոշման, և մենք պետք է կայացնենք այդ ռազմավարական որոշումներն առաջիկա շաբաթներին, ինչպես նաև ընդունենք որոշում տնտեսության և տեխնոլոգիանների զարգացման արագացման մասին, որովհետև դա նույնպես մեր անկախության գործոնն է», - հավելել է նա։
Մակրոնը պարզաբանել է, որ խոսքն այն մասին է, որ ավելի շատ միջոցներ ներդրվեն հենց Եվրոպայի պաշտպանական ձեռնարկություններում, և գնումներ կատարելիս առաջնահերթությունը տրվի հենց դրանց։ Նաև, խոսելով Ֆրանսիայի մասին, նա հանդես է եկել տեղեկատվական անվտանգության միջոցների ուժեղացման, սոցիալական ցանցերում անվտանգության բարձրացման, Եվրոպայի այլ երկրների հետ համակարգման հարցում արտաքին միջամտությունից պաշտպանության օգտին:
«Մենք պետք է լինենք ուժեղ եվրոպական հենարան անդրատլանտյան դաշինքի շրջանակներում, որը, հուսով եմ, կմնա միասնական», - ասել է Ֆրանսիայի նախագահը: