Ադրբեջանի պահանջով Բաքվում փակվել է BBC News-ի ադրբեջանական ծառայությունը

Ադրբեջանի կառավարությունը կարգադրել է դադարեցնել BBC News–ի ադրբեջանական ծառայության աշխատանքը, հայտնում է BBC–ն:
BBC-ի հաղորդագրությունում նշվում է, որ պարտադրված որոշում են կայացրել փակել գրասենյակը Ադրբեջանում՝ այդ երկրի Արտաքին գործերի նախարարության բանավոր հրահանգից հետո:
«Մենք խորապես ափսոսում ենք մամուլի ազատության դեմ ուղղված այս սահմանափակող քայլի համար», - ասվում է BBC-ի հայտարարության մեջ:
Ըստ BBC-ի՝ Ադրբեջանի պետական վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները հաղորդել են, որ Կառավարությունը ցանկանում է կրճատել BBC-ի աշխատակիցների թիվը՝ թողնելով 1 աշխատակից:
BBC-ն գրավոր ոչինչ չի ստացել Ադրբեջանի կառավարությունից և մի շարք ուղիներով պարզաբանումներ է խնդրել: ԱԳՆ–ից ևս պարզաբանում չեն ներկայացրել: BBC–ի լրագրողները դադարեցրել են իրենց աշխատանքը, սակայն BBC–ն շարունակում է ադրբեջաներենով լուրերի հաղորդումը:
BBC News–ն Ադրբեջանում գործում է 1994 թվականից՝ նախ ռադիոյով, ապա նաև թվային հարթակում: