Տղամարդու մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ. նա ներկայացվել է նախաքննական մարմին

Փետրվարի 19-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցում մի տղամարդ զենքը ձեռքին շրջում ու կրակում է։
Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել:
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ գազային ատրճանակով օդ կրակոցներ է արձակել Գյումրի քաղաքի բնակիչ 37-ամյա տղամարդը:
Նա ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ:
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: