Ֆրանսիայի վարչապետը վեցերորդ անգամ հաղթահարել է անվստահության քվեն խորհրդարանում

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը (Ազգային ժողով) փետրվարի 19-ին հավանություն չի տվել վարչապետ Ֆրանսուա Բայրուի նկատմամբ անվստահության քվեին, որը նախաձեռնվել էր Սոցիալիստական կուսակցության կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Le Figaro-ն։
Թերթը գրում է, որ «ինքնաբուխ» քվեարկությունը, ինչպես և սպասվում էր, ձախողվեց առանց աջ «Ազգային միավորման» աջակցության՝ ստանալով 181 «կողմ» ձայն այն դեպքում, երբ կառավարության հրաժարականի համար անհրաժեշտ է պատգամավորների 289 ձայն։
«Սա վեցերորդն է վերջին հինգ շաբաթվա ընթացքում: Եվ սա խորհրդարանական ողջ պատմության ընթացքում ամենամեծ «սպիտակ թելով կարված» անվստահության քվեն է», - ասել է Բայրուն՝ արձագանքելով Սոցիալիստական կուսակցության նախաձեռնությանը։
Նա սոցիալիստական խմբակցությանը մեղադրել է պարզապես «աչքի ընկնելու» ցանկության մեջ:
Նախագծի քննարկման ժամանակ սոցիալիստների մեծամասնությունը լքել է նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի Բայրուի կոշտ արձագանքի դեմ։
Վեցերորդ անվստահության քվեի մասին առաջարկը ներկայացրել էին սոցիալիստները, սակայն ավելի վաղ նրանք հրաժարվել էին աջակցել նախորդ անվստահության քվեները: Խմբակցության 66 պատգամավորները, որոնք ստորագրել էին նախագիծը, կառավարությանը մեղադրում էին «ծայրահեղ աջերի կործանարար կրքերին տրվելու մեջ»։ Սոցիալիստները հատկապես վրդովված էին միգրացիայի վերաբերյալ Բայրուի հայտարարության պատճառով, երբ նա միգրացիան համեմատել էր ջրհեղեղի հետ: