32 հազար ԱՄՆ դոլար, 6 հազար եվրո, 8 մլն դրամ․ ինչ ունեցվածքով հեռացավ դատական կարգադրիչների ծառայության պետը

Ազատման դիմում գրած Արման Ցոլակյանը պետական աշխատանքային կարիերայում հասցրել է ձեռք բերել 1 ավտոտնակ։
Համաձայն նրա՝ 2024 թվականի հաշվետու տարվա եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ ավտոտնակը Ցոլակյանը 2024 թվականին նվիրատվություն է ստացել հորից՝ Վարդգես Հովսեփի Ցոլակյանից, իսկ որպես անշարժ բնակելի գույք Ցոլակյանը շահագործում է բնակարան Երևանում, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, գրում է Armlur.am-ը:
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 401 ԱՄՆ դոլար և 636 հազար 400 դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 32 հազար ԱՄՆ դոլար, 6 հազար եվրո, 8 մլն դրամ։
Արման Ցոլակյանը 1996 թվականից մինչև վերջերս աշխատել է Ներքին գործերի նախարարությունում տարբեր ուղղություններով։ 2010-2014 թվականներին եղել է ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման վարչության պետ, ապա 2014-2017 թվականներին՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։
Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետի պաշտոնից փետրվարի 17-ին սեփական դիմումի համաձայն հեռացած Ցոլակյանը 2024 թվականի ընթացքում ՀՀ ԲԴԽ աշխատակազմի դատական դեպարտամենտից ստացել է 8 մլն 755 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։
Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 11 մլն 134 հազար դրամ, որից 2 մլն 220 հազարը կենսաթոշակ է Ներքին գործերի նախարարությունից, իսկ 159 հազար դրամը քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ է Արդարադատության ակադեմիայից։
Արման Ցոլակյանը չի պատճառաբանել, թե որն է եղել ազատման պատճառը։