Խաչատուրյանը և դեսպան Ցվետկովիչը քննարկել են ՀՀ-ի ու Սերբիայի հարաբերությունների զարգացման հեռանկարները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:
Հանդիպման սկզբում նախագահը ողջունել է դեսպանին և շնորհավորել Սերբիայի Հանրապետության Պետականության տոնի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և բարգավաճում:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սերբիայի հարաբերությունների զարգացման հեռանկարներին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին:
Առանձնահատուկ կարևորվել են երկկողմ բարձրաստիճան այցելությունները և լավագույն փորձի փոխանակումը: Քննարկվել են կրթության, մշակույթի, տնտեսության և այլ ոլորտներում փոխգործակցության խթանման ուղիները:
Կողմերը նշել են տնտեսական համագործակցության զարգացման մեծ ներուժը և դրա իրականացման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները միակարծիք են եղել, որ տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատումը հրամայական է, և այդ ուղղությամբ անհրաժեշտ են համատեղ ջանքեր: