Ավտոբուսում դանակի սպառնալիքով 17-ամյա տղայից գումար են պահանջել․ քրեական վարույթ է նախաձեռնվել

Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվել է, որ համար 3 ավտոբուսում անհայտ անձը դանակի սպառնալիքով 17-ամա երիտասարդից պահանջել է գումար, ստիպողաբար իջեցրել է ավտոբուսից և կրկին պահանջել գումար։ Մերժում ստանալուց հետո կպչուն ժապավենով փակել է բերանը, որից հետո պատահական անցորդի մոտենալու հետևանքով դիմել է փախուստի։
Այս մասին Factor.am-ին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից՝ նշելով, որ դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկել են Քննչական կոմիտե։
ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ փոխանցեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, այն է՝ ավազակության փորձը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ։
Նա նաև նշեց, որ դեպքի վերաբերյալ կատարվում է նախաքննություն։