Հայաստանում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է առաջնորդող. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 19-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 24-րդ համաժողովին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԱԺ նախագահի տեղակալը պետություն և մասնավոր գործընկերության շրջանակում կարևորել է ասոցիացիաների դերը՝ դրական գնահատելով ԱՏՁՄ զարգացման տեմպերը:
Միությունը միավորում է ավելի քան 200 տեղական և միջազգային ընկերություններ՝ նպատակ ունենալով Հայաստանը վերածել առավելագույն արժեք ստեղծող բարձր տեխնոլոգիաների կենտրոնի: 2025 թվականին լրանում է ԱՏՁՄ-ի գործունեության 25 տարին: Հայաստանը բարձր տեխնոլոգիաների կենտրոնի վերածելու տեսլականով ԱՏՁՄ-ն շարունակում է ընդլայնել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները:
«Վերջին հինգ տարիներին բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության ոլորտում համախառն շրջանառությունն աճել է ավելի քան 4,5 անգամ, աշխատողների թիվը՝ 2,5 անգամ, իսկ ՀՆԱ-ն 2,6 տոկոսից այժմ արդեն գերազանցել է 7,6 տոկոսը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է առաջնորդող: Նա կարևորել է ինտենսիվ ներդրումները կրթական և գիտական ոլորտներում՝ արձանագրելով, որ վերջին հինգ տարիներին գիտությանն ուղղված ֆինանսավորումն ավելացել է ավելի քան 3,5 անգամ, իսկ ԲՏԱ նախարարության համընդհանուր բյուջեն՝ ավելի քան 5,5 անգամ:
Խոսելով մարտահրավերների մասին՝ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է գիտության, կրթության և արդյունաբերության համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը՝ այս փուլում կարևորելով պետական ռազմավարական զարգացման ծրագրերի անհրաժեշտությունը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի շրջանակում առաջնահերթ հինգ՝ արհեստական բանականության, միկրոէլեկտրոնիկա, ռոբոտաշինություն և ավիատիեզերական, քվանտային տեխնոլոգիաներ և բիոտեխնոլոգիա ուղղություններով աշխատանք է տարվում՝ մշակելու և Կառավարությանը ներկայացնելու պետական զարգացման ծրագրեր, որոնք հասցեագրված կլինեն կրթության, գիտության և արդյունաբերության ուղղություններով թռիչքային զարգացմանն ուղղված ծրագրերին:
Հակոբ Արշակյանը հաջողություն է մաղթել միությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել պետության և ասոցիացիայի փոխհամագործակցությանը: