Ղազախստանը AZAL-ի ինքնաթիռի կործանման հետաքննության հաշվետվությունը կավարտի մինչև տարեվերջ

Ղազախստանի իշխանությունները պետք է Ակտաու քաղաքի մերձակայքում Azerbaijan Airlines (AZAL) ընկերության մարդատար ինքնաթիռի կործանման պատճառների վերաբերյալ վերջնական հաշվետվությունն ավարտեն մինչև 2025 թվականի դեկտեմբերը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի տրանսպորտի փոխնախարար Թալգատ Լաստաևը։
«ICAO-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության) առաջարկվող գործելակերպի պահանջների, ստանդարտների համաձայն՝ հետաքննության մեկ տարի: Համապատասխանաբար, մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր հետաքննության վերջնական հաշվետվությունը պետք է ավարտված լինի», - ասել է Լաստաևը՝ պատասխանելով Ակտաուի մերձակայքում ինքնաթիռի կործանման հետաքննության ժամկետների մասին հարցին:
Փետրվարի 4-ին Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել է նախնական հաշվետվություն հետաքննության ընթացքի մասին։ Փաստաթուղթը միանշանակ եզրակացություններ չի բովանդակում կործանման պատճառների մասին։ Մասնավորապես, հաշվետվությունում տեղեկատվություն կա, որ օդանավի կորպուսի վրա հայտնաբերվել են անցքեր, ինչպես նաև կողմնակի մետաղական առարկաներ, որոնք ուղարկվել են փորձաքննության։ Նաև հաշվետվությունում բերված են կարգավարների հետ օդաչուների խոսակցությունների, միմյանց միջև կարգավարների խոսակցությունների սղագրությունները, տվյալներ օդանավի վիճակի, վնասվածքների, դեպքի օրվա եղանակի մասին և այլ տվյալներ:
Ղազախստանի տրանսպորտի փոխնախարարը նաև հայտարարել է, որ վթարի ենթարկված ինքնաթիռի օդաչուների հետ խոսակցությունների սղագրություններն առկա են հետաքննությամբ հետաքրքրված բոլոր կողմերի մոտ:
Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող ադրբեջանական Embraer E190 ինքնաթիռը կործանվել էր 2024 թ. դեկտեմբերի 25-ին։ Ինքնաթիռում գտնվում էր 65 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 29 մարդ ողջ է մնացել։