Վթարից մաhացած պայմանագրային զինծառայող Մովսեսն ընտանիքի միակ տղան էր, երեք քույր ուներ

Երեկ ավտովթարի հետևանքով մահացած 19-ամյա պայմանագրային Մովսես Հ․-ն Արարատի մարզի Մասիս համայնքի Դաշտավան վարչական շրջանից էր։
«Ընտանիքի միակ տղան էր, երեք քույր ունի։ Ինքը մեծն էր։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր համալսարան, հեռակայում էր»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Դաշտավան վարչական շրջանի ղեկավար Սանասար Խաչատրյանը։
Նա տեղեկացրեց, որ տղան բանակ է զորակոչվել պաշտպան հայրենյաց ծրագրով, այսինքն՝ հինգ տարի պիտի ծառայեր։
«Կարծեմ` հեռակա էր ընդունվել ու անցել ծառայության»,- նշեց նա։
Մովսեսի ծնողները գյուղատնտեսությամբ են զվաղվում, Դաշտավանի վարչական ղեկավարի խոսքով՝ շնորհքով, պատվով լավ մարդիկ են։
«Ինքն էլ շատ դաստիարակված տղա էր, համեստ, խելացի»,- նշեց Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ փետրվարի 18-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Մովսես Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Հովտաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող շինության քարե պատին և փլուզել այն։
Վթարի հետևանքով վարորդը «Մասիս» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով՝ մահացել է։ Պայմանագրային զինծառայողն արձակուրդի մեջ է գտնվել։