Թրամփն Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու կոչ է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ընտրություններ անցկացնի՝ պնդելով, թե գործող նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի վարկանիշը բավական ցածր է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Post պարբերականը։
«Մեզ մոտ ստեղծվել է իրավիճակ, որ Ուկրաինայում ընտրություններ չեն անցկացվել, այնտեղ ռազմական դրություն է հայտարարված», - ասել է Թրամփը Մար-ա-Լագոյի իր կալվածքում լրագրողների հետ զրույցում։
Թրամփը պնդել է, թե Զելենսկին, որն ընտրվել է 2019 թվականին, շատ ցածր՝ 4% վարկանիշ ունի։ Ի դեպ, The New York Post-ը նշում է, որ ըստ հարցումների՝ Ուկրաինայի նախագահի վարկանիշը 50%-ից ավելի է։
Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է կայանային 2024 թ. ապրիլին, սակայն դրանք չեն կայացել, քանի որ երկրում ռազմական դրություն է հայտարարվել 2022 թվականին Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների ծավալումից հետո։
Զելենսկին 2023 թվականին հայտարարել է, որ ընտրությունները քաղաքական պառակտում կառաջացնեն, իսկ պատերազմի ժամանակաշրջանում երկիրը պետք է կենտրոնանա պաշտպանության վրա։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում կայացել են ռուս-ամերիկյան առաջին բանակցություններն՝ ուղղված, այդ թվում, ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Ուկրաինան հանդիպմանը ներկա չի գտնվել։
Լրագրողների հետ շփման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ եթե Ուկրաինան ուզում էր լինել բանակցությունների սեղանի շուրջ, ուկրաինացի ժողովուրդը, գուցե, ասեր. «Գիտեք, մենք երկար ժամանակ ընտրություններ չենք ունեցել»։
Վոլոդիմիր Զելենսկիի հետ համաձայնագիր կնքելու անհնարինության մասին ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ նա այդ երկրի օրինական նախագահը չէ։ Թրամփը պնդել է, որ Ուկրաինայում ընտրությունների անհրաժեշտության մասին իր տեսակետը որևէ առնչություն չունի ՌԴ-ից հնչեցված տեսանկյունի հետ։
«Գիտեք, սա ռուսական բան չէ։ Սա իմ կարծիքն է և նաև շատ այլ երկրների կարծիքը», - ասել է ԱՄՆ նախագահը։
Այս ամենից ընդամենը մի քանի ժամ առաջ անդրադառնալով ընտրություններ անցկացնելու մասին ռուսական պահանջներին՝ Զելենսկին հայտարարել էր, որ չի համաձայնի Պուտինի կողմից առաջ քաշված «վերջնագրերին»։