Տանտերը դուռը բաց է թողել, գողերն օգտվել են առիթից

Փետրվարի 16-ին, ժամը 20։56-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Շերամի փողոցի իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր, հայտնում են ՆԳՆ-ից։
Նշված հասցե մեկնած Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները պարզել են, որ ժամը 19։30-ից ժամը 21։00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու և դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել բնակարան և հյուրասենյակի սեղանի վրայից գողացել երկու ոսկյա մատանի՝ պատճառելով մոտ 250 հազար դրամի վնաս:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Մալաթիայի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել:
ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչ՝ 31-ամյա և Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա երկու երիտասարդ: Փետրվարի 17-ին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Երևան քաղաքի վարչություն, որտեղ 26-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է: Երիտասարդները ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն: