Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարները Թրամփի բանագնացի հետ քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը

Եվրահանձնաժողովի նախագահը Բրյուսելում ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով Դոնալդ Թրամփի բանագնացին:
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Քիթ Քելոգի հետ հանդիպմանը հայտնել է Կիևին ռազմական աջակցությունը շարունակելու և ամրապնդելու մտադրության մասին: Նա ցանկություն է հայտնել աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինայում կայուն խաղաղություն և անվտանգության երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։
Քելոգին ընդունել է նաև Եվրոպական խորհրդի նախագահը: Անտոնիու Կոշտան ընդգծել է՝ խաղաղության հնարավոր չէ հասնել պարզ հրադադարի միջոցով:
«Անհրաժեշտ է համաձայնագիր, որը կապահովի համապարփակ, արդար և կայուն խաղաղություն Ուկրաինայում և անվտանգություն Եվրոպայում»,- նշել է Կոշտան, հավելել՝ Կիևը կարող է հույս դնել Եվրոպայի վրա:
Եվրոպական խորհրդի նախագահի խոսքով՝ եվրոպական կողմը պատրաստ է այդ ուղղությամբ կառուցողական շփումներ վարել Միացյալ Նահանգների հետ։