Խուդաթյանն ու Ալկիս Դրակինոսն անդրադարձել են Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ենթակառուցվածքների հարցերով Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսին։
«Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:
Ողջունել եմ հյուրերին և ընդգծել, որ նախարարության և Բանկի հետ առկա ծրագրային փաթեթը բավականին ընդգրկուն է և Բանկի աջակցությամբ ընթացող ծրագրերը մեծ ազդեցություն ունեն թե՛ ենթակառուցվածքների զարգացման, և թե՛ տնտեսական ակտիվության տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին, կոշտ թափոնների ծրագրերին, ինչպես նաև ջրային ոլորտին։
Քննարկվել են համատեղ օրակարգային այլ հարցեր ևս»,- ասված է հաղորդագրությունում։