Անհապաղ դադարեցնել Էմիլ Թորոսյանի արտահանձնումը ՌԴ-ին. հայտարարություն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ պահանջելով դադարեցնել Էմիլ Թորոսյանի արտահանձնումը Ռուսաստանի Դաշնությանը։
«Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է արտահանձնել ազգությամբ հայ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էմիլ Թորոսյանին։ Նախորդ շաբաթ քաղաքացին դիմել էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ապաստան հայցելու խնդրանքով։
ՀՀ Դատախազությունը չսպասելով Միգրացիոն ծառայություն դիմումի հասնելուն և դրա վերաբերյալ վարույթի հարուցմանը, որոշում է կայացրել արտահանձնել Է․ Թորոսյանին, ինչը կհանգեցնի նրա՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատություններրի մասին Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների կոպտագույն խախտմանը։
Հատկանշական է այն փաստը, որ Էմիլ Թորոսյանը ծագումով հայ է, ունի բոլոր իրավունքները և հնարավորությունները քաղաքացիություն ստանալու և դեռևս սեպտեմբերին քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել, սակայն միջոցներ չեն ձեռնարկվել վերջինիս կողմից ձեռնարկված երկու իրավական գործընթացների՝ քաղաքացիության ստացման և ապաստանի հարցի լուծման համար։
Պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազությունից անհապաղ դադարեցնել Էմիլ Թորոսյանի արտահանձնման գործընթացը, քանի որ արտահանձնումից հետո ՌԴ-ում Է․Թորոսյանի նկատմամբ հնարավոր խոշտանգումների համար պատասխանատվություն կկրի նաև Հայաստանի Հանրապետությունը։
Հիշեցնում ենք, որ արտահանձնման դեպքում կխախտվի Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը՝ խոշտանգումներից և վատ վերաբերմունքից զերծ մնալու բացարձակ իրավունքը, քանի որ պահանջ ներկայացնող պետությունում՝ ՌԴ-ում զանգվածաբար և անպատիժ խախտվում են մարդու իրավունքները, այդ թվում խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքը»,-ասվում է հաղորդագրության մեջ։