Մխիթար Հայրապետյանը Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ Տիեզերական գործակալության գլխավոր տնօրենի հետ

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Տիեզերական գործակալության գլխավոր տնօրեն Սալեմ Ալ Քուբայիսիի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը։
«Հանդիպման ընթացքում ներկայացրի ՀՀ տեսլականը տիեզերական ոլորտի զարգացման վերաբերյալ, ինչպես նաև այն քայլերը, որոնք մեր երկիրը ձեռնարկում է այս ուղղությամբ։ Սալեմ Ալ Քուբայիսին, իր հերթին, ներկայացրեց ԱՄԷ Տիեզերական գործակալության ձևավորման և զարգացման փորձը՝ ընդգծելով երկրի ձեռքբերումները և նախատեսվող խոշոր ծրագրերը։ Քննարկեցինք համագործակցության հեռանկարները և համաձայնության եկանք համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ՝ նպաստելով տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը և գիտական ու տեխնոլոգիական առաջընթացին՝ ի շահ երկու պետությունների։
Առանձնահատուկ ընդգծվեց գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների, ոլորտային ստարտափների ուղղությամբ հնարավոր համագործակցության կարևորությունը, ինչպես նաև շարունակական համագործակցությունը՝ «Արտեմիսի» համաձայնագրի սկզբունքներին համահունչ՝ ուղղված տիեզերքի խաղաղ օգտագործմանը և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների նորարարական լուծումների մշակմանը»,-գրել է նախարարը։