Կամո Ցուցուլյանն աշխատանքային այցով Թունիսում էր

ՆԳ նախարարի տեղակալ-ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը փետրվարի 11-ից 14-ը Թունիսի Հանրապետության Թունիս քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) արտաքին որակավորում անցած թիմերի ղեկավար կազմի միջազգային ֆորումին և աշխատանքային խմբերի 2025 թվականի հանդիպումներին։
INSARAG-ի որոնողափրկարարական խմբերի ղեկավարների համար կազմակերպված միջազգային ֆորումին մասնակցում էին միջազգային որոնողափրկարարական խմբերի շուրջ 45 երկրների մոտ 150 ներկայացուցիչներ, ինչպես նաև Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի և ՄԱԿ-ի հումանիտար հարցերի գրասենյակի (UN OCHA) փորձագետներ:
Ֆորումի ընթացքում ներկայացվել են 2024 թվականի տարեկան ամփոփումը, քննարկվել են բարելավման ուղղությամբ առաջարկված նորագույն մոտեցումներ, աշխատանքային խմբերը ամփոփել են իրականացրած աշխատանքները: Անդրադարձ է կատարվել Թունիսի Հանրապետությունում գրանցված արտակարգ իրավիճակներին և դրանց իրականացման պլանի քննարկմանը, Թունիսի խմբի վերաորակավորման վերաբերյալ համապարփակ զեկույցին, ինչպես նաև քննարկվել են INSARAG-ի 2025-2030 թթ. ռազմավարական խնդիրները:
Ի թիվս այլ հարցերի, ուշադրության կենտրոնում էին նաև ազգային թիմերի հավատարմագրման, միջազգային քաղաքային որոնողափրկարարական թիմերի վերաորակավորման, ինչպես նաև տեղեկատվության կառավարման նոր տեխնոլոգիաների թարմացման խնդիրները, INSARAG համակարգման կառավարման համակարգի (ICMS) ժամանակակից գործիքները, որակի ապահովման աշխատանքային խմբի վերաբերյալ խնդիրը և INSARAG-ի աշխատանքային պլանը։
Կամո Ցուցուլյանը հանդիպումների և քննարկումների ընթացքում անդրադարձել է հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի վերաորակավորման հարցերին: Նա նշել է, որ 2022 թվականին թիմը հաջողությամբ անցել է INSARAG-ի արտաքին որակավորման գործընթացը և այժմ ակտիվորեն պատրաստվում է այն վերահանձնել 2027 թվականին: Կարևորելով վերաորակավորման գործընթացը՝ Կամո Ցուցուլյանն ընդգծել է, որ այն ոչ միայն բարձրացնում է թիմի պատրաստակամությունն ու կարողությունները, այլև ապահովում է միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանություն։
Այցի շրջանակներում Կամո Ցուցուլյանն առանձնազրույցներ է ունեցել INSARAG-ի քարտուղարության ներկայացուցիչներ Մարտին Վիերսմայի, Լյուսիեն Ջագգի, ինչպես նաև INSARAG-ի հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի վերջին մենթոր պետության ներկայացուցիչ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության արագ արձագանքման ղեկավար Դեյվիդ Սոչորի հետ: Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ նոր մենթոր ընտրելու կարգը և INSARAG թիմում կանանց ներգրավվածության հարցը: Նշվել է, որ INSARAG թիմում կանանց մասնակցության մակարդակը պետք է լինի մոտ 15 տոկոս, ինչը կարևոր քայլ է կանանց ավելի լայն ներգրավվածություն ապահովելու և նրանց ներուժը լիովին օգտագործելու ուղղությամբ: Վերջիններս հրավիրվել են Հայաստան՝ ծանոթանալու Փրկարար ծառայության կարողություններին:
Ազգային փորձի փոխանակման և ճանաչողական նպատակով առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև Ֆրանսիայի ներկայացուցչի, Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (JICA) պատասխանատուների, ինչպես նաև Թունիսի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության ազգային գրասենյակի գլխավոր տնօրեն Աբդեսամադ Բեն Ջեդունի և Ազգային պաշտպանության ազգային բյուրոյի գործառնությունների բաժնի տնօրեն, գնդապետ-մայոր Սալեհ Ալ-Քիրբիի հետ: Քննարկվել են փրկարարական գործողությունների արդյունավետության բարձրացմանը ուղղված տեխնիկական վերազինման հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել միջազգային համագործակցության ամրապնդմանն ու փորձի փոխանակման նոր հնարավորություններին։
ՆԳ նախարարի տեղակալ-ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը մասնակցել է նաև Թունիսի Հանրապետության կազմակերպած ցուցադրական վարժանքին, որն ուղղված էր փրկարարական աշխատանքների կատարելագործմանն ու միջազգային համագործակցության ուժեղացմանը։