ՀՀ ռազմարդյունաբերական ընկերությունները Աբու Դաբիում մասնակցում են «ԱՅԴԵՔՍ 2025» ցուցահանդեսին

ՀՀ ԲՏԱ նախարարության պատվիրակությունն այս օրերին գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում` «ԱՅԴԵՔՍ 2025» (IDEX 2025) միջազգային պաշտպանական համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով: Այդ մասին ասված է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի Ֆեյսբուքի էջում:
Ցուցահանդեսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երրորդ անգամ անընդմեջ մասնակցում է «ՀԱՅԱՍՏԱՆ (ARMENIA)» միասնական տաղավարով, որտեղ ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի 11 ընկերություններ փետրվարի 17-21-ը ներկայացնելու են բարձր, տեղեկատվական, պաշտպանական և ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը՝ նպատակադրելով միջազգայնացնել հայկական պաշտպանական արտադրանքը։
Ցուցադրվելու են ոչ միայն արդեն պատրաստի արտադրանք ու ծրագրեր, այլև հեռանկարային նախագծեր, որոնք կարող են դյուրացնել տվյալ ոլորտներում նոր համագործակցությունների մեկնարկն ու ընդլայնումը:
Ցուցահանդեսն անցկացվում է երկու տարին մեկ անգամ և հանդիսանում է աշխարհի խոշորագույն պաշտպանական ցուցահանդեսներից մեկը, որտեղ այս տարի սպասվում են շուրջ 150.000 այցելուներ։