Դադարեցվել են Ապարանի և Տաշիրի ձերբակալվածների պահման վայրերի գործունեությունը

Փետրվարի 17-ից դադարեցվել են Ապարանի և Տաշիրի ձերբակալվածների պահման վայրերի գործունեությունը։
Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից:
Ըստ այդմ, ձերբակալվածների պահման 33 վայրերից 11-ի գործունեությունն այս պահին արդեն դադարեցվել է, գործում է 22 ՁՊՎ։
Փոփոխության համար հիմք է ընդունվել 2022-2023 թթ․ տվյալների ուսումնասիրությունը․ օպտիմալացվել են այն ՁՊՎ-ները, որոնց դեպքում առկա էին անմխիթար վիճակ և ոչ բարվոք պայմաններ, հաշվի են առնվել նաև ՁՊՎ-ների ծանրաբեռնվածությունը և հարակից վայրերում այլ ՁՊՎ-ների առկայությունը։
ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում շարունակվում են մոնիթորինգային աշխատանքները՝ ճշտելու հիմնական խնդիրներն ու նախանշելու լուծումներ։
ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված էր 30 տոկոսով օպտիմալացնել ձերբակալվածների պահման վայրերը։ Նպատակն առավել բարվոք, ճիշտ կահավորված, միջազգային չափանիշներին համապատասխան ձերբակալվածների պահման վայրեր ունենալն է և խնայված գումարով համակարգի բարելավումը։