Առաջիկայում մտադիր եմ աշխատաժողով կազմակերպել. Փաշինյանը դիմում է գործարար համայնքի ներկայացուցիչներին

Տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրում առկա խնդիրներին և հնարավորություններին, կառավարման արդյունավետության բարձրացման և բարեփոխումների առաջնահերթություններին Կառավարություն-ԱԺ-ՏԻՄ-գործարար համայնք համատեղ ձևաչափով անդրադառնալու և համատեղ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կա: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վաչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսքն ուղղելով գործարար համայնքի ներկայացուցիչներին:
«Կառավարման ոլորտում առկա թերությունները բոլորս գիտենք, ոչ ոք դա չի ժխտում:
Գործարար համայնքին հուզող շատ հարցերի Կառավարության ներկայացուցիչները, ինքս անձամբ առնչվում ենք տարբեր նամակների բերումով: Այդ դիմումների հետ իմ աշխատանքից հանգել եմ եզրակացության, որ տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրում առկա խնդիրներին և հնարավորություններին, կառավարման արդյունավետության բարձրացման և բարեփոխումների առաջնահերթություններին Կառավարություն-ԱԺ-ՏԻՄ-գործարար համայնք համատեղ ձևաչափով անդրադառնալու և համատեղ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կա:
Առաջիկայում մտադիր եմ մի նման աշխատաժողով կազմակերպել: Աշխատաժողովին հրավիրում եմ մասնակցել 2024 թվականին 50 մլն դրամ և ավելի հարկ վճարած այն ընկերությունների ղեկավարներին, ովքեր հետաքրքրված են կիսվել գործարարությամբ զբաղվելու մեր միջավայրը ավելի բարենպաստ դարձնելու իրենց գաղափարներով:
Հրավիրում եմ նաև գործարար, այդ թվում՝ ՓՄՁ համայնքը միավորող կազմակերպությունների ղեկավարներին, որպեսզի քննարկման բերեն աշխատաժողովին ուղղակի մասնակցության հնարավորություն չունեցող իրենց անդամներին հուզող հարցերը:
Աշխատաժողովին մասնակցելու հայտերը խնդրում եմ ուղարկել մինչև փետրվարի 28-ը՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով, նշելով նաև առկա խնդիրներին վերաբերող մինչև 3 հարց, որոնցից առավել հիշատակվածները կդառնան աշխատաժողովի օրակարգի մաս:
Աշխատաժողովը կհրավիրվի ապրիլ ամսվա ընթացքում, օրվա և տեղի մասին հրավիրյալները կտեղեկացվեն աշխատանքային կարգով»,- գրել է նա: