ՀՀ-ի համար արտաքին քաղաքականություն վարելու նոր հնարավորություններ են բացվում․ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ աշխարհաքաղաքականության ներկա իրավիճակում Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացվում՝ արտաքին քաղաքականություն վարելու համար։
Քոչարյանը նման տեսակետ հայտնեց իր ասուլիսի ընթացքում:
«Մի բան շեշտակի փոխվում է: Վերջին մի քանի տարվա ընթացքում կոմպլեմենտարության միջանցքը շատ նեղացել էր, հիմա այդ կոմպլեմենտարության միջանցքը մի քիչ ընդլայնվելու է: Իմ տպավորությամբ՝ մենք չպետք է սև ու սպիտակով նայենք այս գործընթացներին: Եթե Թրամփը հայտարարում է՝ սխալ էր Ռուսաստանին G8–ից հեռացնելը, Ռուսաստանը պետք է հետ գա միջազգային հարաբերությունների այդ մակարդակին, նշանակում է, որ ամբողջությամբ նոր հնարավորություններ են բացվում նաև Հայաստանի համար արտաքին քաղաքականությունը վարելու համար»,–ասաց Քոչարյանը ՝ հավելելով, որ բացվում է պատուհանը, երբ հնարավոր է որպես գործընկեր, ճիշտ քաղաքականություն վարելով Ռուսաստանի հետ, չթշնամանալ Արևմուտքի հետ։
Սակայն նա մեղադրեց Հայաստանի գործող իշխանությանը Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու հարցում: Քոչարյանի խոսքով՝ Հայաստանը սխալներ է գործում և փորձում է դրանք բարդել Ռուսաստանի վրա, ինչն անհետևանք չի մնալու։