5 մահ բանտերում՝ միայն հունվարին
Հունվարին հինգ մարդ է մահացել հայաստանյան բանտերում: 5 բանտարկյալներից երեքը ինքնասպանություն են գործել, ինչո՞ւ՝ Քրեակատարողական ծառայությունը չի մանրամասնում, չի ասում նաև, թե մյուս երկուսի մահն ինչի հետևանք է: Նշում են, որ քննություն է ընթանում, փորձաքննություն է նշանակված, և բոլոր հարցերի պատասխանները կտրվեն դրա շրջանակում:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ վերջին վեց ամիսներին բանտային մահերի փաստով հարուցել են 8 գործ՝ 4 հանկարծամահության, երեքը՝ ինքնասպանության հասցնելու, մեկն էլ՝ բուժաշխատողի թերացման համար: Բայց որևէ գործով մեղադրյալ դեռևս չկա, գրում է «Ազատություն»-ը։
Պետությունը բավարար ջանքեր չի գործադրում նվազագույնի հասցնելու մահվան, ինքնավնասումների մասին վկայող վիճակագրությունը. իրավապաշտպան
Բանտերում դիտորդություն անող անկախ խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյան ահազանգում է՝ հինգ մարդու մահը մեկ ամսում աննախադեպ է: Նրա գնահատմամբ՝ միակ պատասխանատուն՝ պետությունը, դեռ բավարար ջանքեր չի գործադրում նվազագույնի հասցնելու մահվան, հացադուլների, ինքնավնասումների, առողջական խնդիրների մասին վկայող վիճակագրությունը: Հովհաննիսյանի կարծիքով՝ ամեն ինչ գալիս է ճաղերից այն կողմ գտնվող մարդու նկատմամբ խտրական վերաբերմունքից:
«Անձը գտնվում է անմիջական պետության վերահսկողության ներքո և եթե նա, օրինակ, վատ է զգում, ինքն իր ոտքով չի կարող գնալ ու դիմել որևէ բուժհաստատություն՝ ստանալու բժշկական ծառայություն, դրա պատասխանատուն պետությունն է: Պետությունը պիտի անմիջականորեն արագ արձագանքի և կանխի անձի մահը», - նշեց Հովհաննիսյանը:
Պարբերաբար բանտեր այցելող իրավապաշտպանի ձեռքի տակ է անցած տարվա վիճակագրությունը. 12 մահ, հացադուլի դիմած 298 և ինքն իրեն վնասած 200 բանտարկյալ: Այս թվերը տարիներ շարունակ գրեթե նույնն են մնում: Իրավապաշտպանը պնդում է՝ փակ ռեժիմի տակ գտնվող քաղաքացին բախվում է անլուծելի խնդիրների, ստիպված դիմում ծայրահեղ քայլերի, կորցնում է ֆիզիկական ու հոգեկան առողջությունը, իսկ որոշ դեպքերում՝ կյանքը:
«Մտահոգություն հայտնել պետք է հատկապես ինքնավնասումների, ինքնասպանության փորձերի, ինչպես նաև հացադուլների դեպքերի ավելացման հետ կապված, որոնք ի վերջո կարող են հանգեցնել առողջական վիճակի վատթարացման և նաև մահերի», - ընդգծեց նա:
Քրեակատարողական ծառայությունից հայտնում են՝ հացադուլ հայտարարած և ինքնավնասում կատարած բանտարկյալները հիմնականում պահանջում են հիվանդանոց տեղափոխվել, դեղորայքի, բուժանձնակազմի հետ կապված խնդիրներ են մատնանշում: Նման քայլի են դիմում նաև, երբ նրանց մոտ խուզարկությամբ արգելված իրեր են գտնում, կամ չեն համաձայնում դատավճռի, խափանման միջոցի հետ: Իրավապաշտպանի մատնանշած խտրական կամ անմարդկային վերաբերմունքը քրեակատարողականի նշած պատճառների շարքում չկա:
Պետք է պատշաճ քննվեն նաև սովորական՝ կենսաբանական մահերը. ընդդիմադիր պատգամավոր
Ընդդիմադիր պատգամավոր Էլինար Վարդանյանը, որ հետևում է բանտային խնդիրներին, այլ հարց էլ է բարձրացնում. պետք է պատշաճ քննվեն նաև սովորական՝ կենսաբանական մահերը:
«Մի տողով գրել, որ «կենսաբանական մահ էր, մենք ինչ անենք», անընդունելի է, որովհետև մինչ կենսաբանական մահը կան բազմաթիվ փուլեր, խոսքը վերաբերում է առողջապահական միջամտություններ, դեղեր և այլն, ու այս պարագայում այդ միջամտությունների դեպքում միգուցե կարող է կանխվել նաև այդ կենսաբանական մահը: Դա բացառապես պետության և համապատասխան մարմինների պատասխանատվությունն է», - ընդգծեց Վարդանյանը:
ՄԻՊ-ը կարծում է՝ բժշկական հարցերը բանտերում մնում են չլուծված. Կամո Մանուկյանը պնդում է՝ «խնդիրներ կան, բայց լուծվում են»
Խնդիրներ կան, բայց դրանք լուծվում են՝ ասում է Առողջապահության նախարարության Քրեակատարողական բժշկության կենտրոնի տնօրեն Կամո Մանուկյանը: Նշում է, որ առողջական խնդիրների դեպքում ազատազրկվածները ստանում են պատշաճ բուժսպասարկում, դեղերը ժամանակին են գնում, անհրաժեշտության դեպքում էլ տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոցներ:
«Ազատազրկված անձը, երբ մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ, իրականացվում է բժշկական զննություն, արձանագրվում են իր մոտ եղած խնդիրներն, ըստ անամեզի, և կարիքի դեպքում ուղարկվում է հետազոտությունների», - նշեց Կամո Մանուկյանը:
Մինչդեռ պարբերաբար բանտեր այցելող Մարդու իրավունքների պաշտպանը կարծում է՝ բժշկական հարցերը բանտերում մնում են չլուծված:
«Բազմաթիվ խնդիրներ են առկա դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցի առումով: Բազմիցս եմ նշել, որ այս համակարգը պետք է ամբողջությամբ վերափոխվի: Այս տարիների կտրվածքով կան զարգացումներ, բայց կան նաև խնդիրներ, որոնք այնքան համակարգային են, դրանք եղել են ի սկզբանե, շարունակում են պահպանվել մինչև հիմա», - ասել է Անահիտ Մանասյանը:
Անցած շաբաթ «Ֆրինյուզ»-ին տված հարցազրույցում Մանասյանն ընդգծում է՝ փակ հաստատություններում պահվող մարդկանց վրա ներգործելն ու նրանց իրավունքները խախտելը շատ ավելի դյուրին է: Իսկ 2023-ի տարեկան զեկույցում ընդգծել է՝ մահվան դեպքերի վերաբերյալ գործնականում չեն կատարվում անհրաժեշտ և բավարար ուսումնասիրություններ ու վերլուծություններ, որոնք կբացահայտեին դրանց պատճառներն ու թույլ կտային կանխարգելել այդ ողբերգությունները: