Տրանսպորտի համար չվճարողների նկատմամբ կոնկրետ միջոցներ պետք է կիրառել. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց, որ որոշ թվով քաղաքացիներ շարունակում են չվճարել ուղևորափոխադրման համար։
«Քանակը մեծ չէ, այն քանակը չէ, որի մասին խոսում էր ընդդիմությունը, բայց տարբեր դրդապատճառներով՝ մարդ կա, իրապես համարում է, որ թանկացումն արդարացված չէ, իրավունք ունի բոյկոտելու, մարդ կա՝ ուղղակիորեն առիթից օգտվում է, և դա էականորեն վնասում է քաղաքային բյուջեին։ Տեղի են ունենում տարատեսակ միջադեպեր ավտոբուսների ներսում, երբ վարորդները հրաժարվում են վարել, քանի որ իրենց պայմանագրով նախատեսված է՝ պետք է հետևեն, որ վճարումները կատարվեն»,- ասաց նա։
Ավինյանն ավտոբուսների վարորդներին իր աջակցությունը հայտնեց՝ հավելելով, որ լինում են միջադեպեր, երբ վարորդների կողմից արձագանքը մի փոքր կոշտ է լինում։
«Ծանր աշխատանք է, անընդհատ լարման մեջ լինելիս որոշ դեպքերում նյարդերը կարող են տեղի տալ, բայց մի տեսահոլովակ իմ աչքով ընկավ, երբ ակնհայտորեն հաշմանդամություն ունեցող անձը, ով միգուցե տեղեկացված չէ, որ իր ուղևորափոխադրումը վստահորեն անվճար կարող է լինել, ու քանի որ տեղեկացված չէ, նաև չի ստացել համապատասխան իր քարտը տրանսպորտային, որը կապահովի իր անվճար երթևեկությունը։ Մենք պետք է կրկին և շարունակաբար տեղեկացնենք, որ առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց համար այսուհետ Երևան քաղաքում վերգետնյա տրանսպորտից՝ ավտոբուսից, տրոլեյբուսից, և մետրոպոլիտենից օգտվելն անվճար է, ծնողազուրկ դպրոցականների և ուսանողների, անհայտ կորածների ընտանիքի բոլոր անդամների համար տրանսպորտից օգտվելն անվճար է, և որպեսզի այս փաթեթներից կարողանան օգտվել, ընդամենը պետք է վերադառնան «ԹելՍելի» գրասենյակներ, վարչական շրջաններ, որտեղ կստանան իրենց քարտերը և կկարողանան անվճար երթևեկել»,- ասաց քաղաքապետը։
Անդրադառնալով չվճարողների մեկ այլ խմբի, որոնք, ըստ քաղաքապետի, այս կամ այն պատրվակով չվճարելու ինչ-որ արդարացում գտնում են, Ավինյանը հորդորեց՝ նրանք էլ գիտակցեն, որ 850 հազար մարդու համար՝ ոչ միայն երևանցիների, այլև ՀՀ 850 հազար բնակչի համար Երևան քաղաքի ավագանին սահմանել է արտոնություն: Դրանք սահմանվել են ըստ կարիքի, սոցիալական խնդիրների, տարբեր չափորոշիչների, և ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը մի փոքր ավել է վճարում, իսկ դրանք մարդիկ են, որ ոչ հաճախ են օգտվում, հաճախ օգտվողները փաթեթ են գնում, այդ մարդիկ պետք է իմանան, որ իրենք վճարում են նաև առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողի համար, որ զոհված զինծառայողների ծնողները, երեխաները, այրիները տրանսպորտից անվճար օգտվեն։
«Կարելի է անընդհատ առիթից օգտվել, ընդդիմության ստեղծած նարատիվներով առաջնորդվել, այդ դիրքավորման մեջ մտնել և անտեսել վճարման պահանջը, ուզում եմ՝ բոլորը գիտակցեն՝ այս չվճարումով իրենք ստեղծում են որոշակի խնդիրներ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում, տրանսպորտի եկամուտների հավաքագրման առումով։ Այս տարի պլանավորում էինք 45 տրոլեյբուսներ գնել, դա արդեն կարող է հարցականի տակ լինել, ուզում եմ՝ բոլորը գիտակցեն՝ բոլոր մարդիկ, որ այսօր մտնում են ավտոբուս և չեն վճարում, իրենք աջակցում են, որ այս տարի 45 տրոլեյբուսներ չգնվեն։ Առաջարկում եմ անցնել կոնկրետ համապատասխան միջոցների կիրառմանը, որ այդ արդարացումներով առաջնորդվող մարդիկ չկարողանան դրանցով առաջնորդվել»,- ասաց նա։