Արցախի կորուստն ու ՀՀ-ում տիրող իրավիճակի հստակ գիտակցումը հյուծեցին դրանց հետ անհաշտ մտավորականին․ Սերժ Սարգսյան
![](/timthumb.php?src=disc/16-02-25/cb4b1330d763405520f81e3129b6f621.jpg&w=450)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Ավետիք Իշխանյանի մահվան կապակցությամբ: Հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից:
«Խոր ցավով տեղեկացա իրավապաշտպան, հասարակական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանի մահվան մասին: Մեր այսօրվա իրականությունը՝ Արցախի կորուստը, Հայաստանում տիրող իրավիճակի հստակ գիտակցումը վերջին տարիներին հյուծեցին այդ իրականության հետ անհաշտ և դրա պատասխանատուների հետ մինչև կյանքի վերջին օրը կռիվ տվող մտավորականին՝ բազմաթիվ գիտական աշխատանքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ, իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանին: Այդ ցավն ու ցասումը լիովին արտահայտված են նրա հրաժեշտի խոսքում:
Կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ավետիք Իշխանյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը մահացել է այսօր՝ երկարատեւ հիվանդությունից հետո: