Բարձր ենք գնահատում ՀՀ-ում շարունակվող բարեփոխումներին Լիտվայի կողմից ցուցաբերվող անվերապահ աջակցությունը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Գինտաուտաս Պալուցկասին ազգային տոնի՝ Լիտվայի պետականության վերականգնման օրվա առիթով:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիտվայի ժողովրդին Լիտվայի Հանրապետության ազգային տոնի՝ Լիտվայի պետականության վերականգնման օրվա կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետությունը մեծապես արժևորում է անկախ պետականության և ինքնիշխանության հասնելու Լիտվայի Հանրապետության անցած երկար ու դժվարին ճանապարհն ու հավատարմությունը ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների սկզբունքներին։
Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետությունում շարունակվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև դեպի եվրոպական ընտանիք մեր ձգտումներին Լիտվայի Հանրապետության կողմից ցուցաբերվող քաղաքական անվերապահ աջակցությունը։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի շարունակել զարգացնել Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Լիտվայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»,- նշված է ուղերձում: