Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի և «Մակարով» տեսակի ատրճանակ

Այսօր՝ փետրվարի 16-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաղաղ Դոնի շենքերից մեկի բնակարանում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են տղամարդու մարմին, ձեռքի մոտ էլ՝ «Մակարով» տեսակի ատրճանակ։
Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի և ավագ քննիչ Մարտուն Սիմոնյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է։