97 համարի ավտոբուսում ուղևորների և վարորդի վիճաբանության ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության․ Հայկ Կոստանյան

Այսօր անընդունելի միջադեպ է տեղի ունեցել, հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«97 համարի ավտոբուսի վարորդի կողմից ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո երեք ուղևորի և վարորդի միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության։ Վիճաբանության ընթացքում բռնության է ենթարկվել նաև «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեկ այլ վարորդ։
Հասարակական տրանսպորտի վարորդների և ուղևորների անվտանգությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի, և նման դեպքերը չեն կարող հանդուրժվել։ Տվյալ միջադեպի կապակցությամբ ոստիկանություն է ներկայացվել հաղորդում, և ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։
Կոչ ենք անում քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը, հարգել միմյանց իրավունքներն ու հետևել օրենքի պահանջներին։
Հանրային տրանսպորտից օգտվելիս վճարումը պարտադիր է, և յուրաքանչյուրի պարտքն է կատարել սահմանված կանոնները»։