Մումբայում ձերբակալել են Մոդիի ինքնաթիռի վրա հարձակման մասին կեղծ ահազանգ տալու կասկածյալին
![](/timthumb.php?src=disc/13-02-25/9df0abbfc53e0ac8184682540d606ee9.jpg&w=450)
Մումբայի ոստիկանությունը ձերբակալել է այն տղամարդուն, որին կասկածում են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ինքնաթիռի վրա Ֆրանսիա և ԱՄՆ նրա արտասահմանյան այցերի ընթացքում ահաբեկչական հարձակման մասին կեղծ ահազանգ տալու մեջ։ Այդ մասին հայտնում է The Indian Express թերթը՝ վկայակոչելով Մումբայի իրավապահ մարմիններին։
Նրանց տվյալներով՝ ձերբակալվածը հոգեպես անհավասարակշիռ անձ է։ Շարունակվող հետաքննության ընթացքում պարզվել է, որ ավելի վաղ ձերբակալվածի հեռախոսից 1400 զանգ է ստացվել ոստիկանություն՝ իբր պատրաստվող հանցագործությունների մասին նախազգուշացումներով, ինչպես նաև այլ կեղծ տեղեկություններ:
Փետրվարի 11-ին Մումբայի ոստիկանությունն ստացել էր զանգ՝ նախազգուշացմամբ, թե ահաբեկիչները կարող են հարձակվել Մոդիի ինքնաթիռի վրա նրա արտասահման ուղևորությունների ժամանակ։ Ոստիկանությունը հայտարարել է ստացված տեղեկատվության «լուրջ բնույթի» մասին, տեղեկացրել է այլ մարմինների և սկսել հետաքննություն։
Մոդին այժմ Ֆրանսիայում է, ուր մեկնել է փետրվարի 10-ին։ Այնուհետև Հնդկաստանի վարչապետը կմեկնի ԱՄՆ: