Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասով հանցատեսակի տեսանկյունից ունենք նվազում՝ 33.2 տոկոսով. Արփինե Սարգսյան
![](/timthumb.php?src=disc/12-02-25/863e8b8111f3cbe739ee981bb6fc611d.jpg&w=450)
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է, և պիտի փաստեմ, որ մեթոդաբանական փոփոխությունների առումով ենք նկատում դրական միտում այս տեսանկյունից։ Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանի հարցին։
«Նշեմ, որ 2023-2024 թվականների համադրությամբ, ըստ էության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասով հանցատեսակի տեսանկյունից ունենք նվազում՝ 33.2 տոկոսով, բայց փոխարենն ունենք թմրամիջոցների մաքսանենգության մասով 111.4 տոկոսով աճ։ Սա վկայում է այն մասին, որ թմրամիջոցների իրացման պայմաններում, երբ կարելի էր հազարավոր դեպքեր ունենալ իրացման, երբ մենք սահմանային հատվածներում շատ ավելի ինտենսիվ ենք աշխատում. նկատի ունեմ թե՛ ԱԱԾ-ին, թե՛ ՊԵԿ-ին և թե՛ նաև ՆԳՆ-ին ու ՔԿ-ին, այստեղ շատ ավելի լավ արդյունքներ ենք ունենում, որովհետև մեծաքանակ խմբաքանակի բացահայտման պայմաններում սա թույլ է տալիս հետագայում իրացման դեպքերն ավելի կրճատել։
Ըստ այդմ՝ հատկապես Իրանի և Հայաստանի սահմանի չեզոք գոտում անցած տարի ունեցել ենք 4.5 կգ թմրամիջոցի առգրավում, հետագայում նաև տասնյակ կիլոգրամներ ևս առգրավվել են տարբեր հատվածներում։ Այս տարի շուրջ 18 կգ քաշով թմրամիջոց կրկին առգրավվել է, և, կարծում եմ՝ մեթոդաբանական այս փոփոխությունները պիտի իրենց դրական փոփոխությունը բերեն ընդհանուր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում։
Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և թմրամիջոցների օգտագործման կանխարգելումը շատ ավելի համալիր և բազմաշերտ պրոցես է. ըստ այդմ՝ կառավարության կողմից մշակվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարություն։ Առաջիկայում այս հարցը մեր քննարկումների ամփոփմամբ կբերենք Կառավարության նիստ և կունենանք հաստատում»,- նշեց նախարարը։