Հանգամանալից և մանրամասն խոսակցություն է տեղի ունեցել. Փաշինյանը՝ ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպման մասին
![](/timthumb.php?src=disc/12-02-25/ad2dc4995931f2cb4028ecafa016b4ef.jpg&w=450)
Սպիտակ տանը ի սկզբանե հանդիպումներ նախատեսված չէին, և ես, այո՛, ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպել եմ. դա եղել է իմ այցի վերջին օրվա վերջին իրադարձությունը։ Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին։
«Հընթացս ես այնտեղ էի գնացել ազգային նախաճաշի աղոթքին մասնակցելու միջոցառմանը և կրոնական ազատության հարցերով գագաթնաժողովին մասնակցելու համար։ Հընթացս այդպիսի գաղափար առաջացավ, և կազմակերպվեց հանդիպումը չնախատեսված կարգով, և տեղի է ունեցել հանդիպումը, այն բավականին երկար է տևել, տեղի է ունեցել 1+3 ձևաչափով, այսինքն դա՝ տետ ա տետ խոսակցություն չի եղել: Պատվիրակության անդամներից մասնակցել են հանդիպմանը՝ մեր կողմից՝ դեսպանը ԱՄՆ-ում, Կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը, իմ մամուլի խոսնակը։
Հանգամանալից և մանրամասն խոսակցություն է տեղի ունեցել, և ընդ որում՝ տեղի է ունեցել շատ իրենց համար խառը միջավայրում։ Եվ մենք բարձր ենք գնահատում, որ այդ պայմաններում երկուստեք ձևավորվել է հընթացս հետաքրքրությունը նման հանդիպում անցկացնելու, և տեղի է ունեցել: Ես գնահատում եմ շատ կարևոր և շատ արդյունավետ։ Հանդիպման նկատմամբ փոխադարձ հետաքրքրությունը նշանակում է, որ մեր հարաբերություններում կա դինամիկա, այդ դինամիկան պետք է պահել և զարգացնել։ Ես ուզում եմ ո՛չ նեգատիվով ծայրահեղության մեջ ընկնենք, ո՛չ պոզիտիվով ծայրահեղության մեջ ընկնենք, վերաբերվենք որպես աշխատանք, որն արվում է, և պետք է ավելի լավ և ավելի հետևողական շարունակենք անել»,- նշեց վարչապետը։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։