Ռումինիայում Սենատի ղեկավարը պաշտոնապես ստանձնել է երկրի ժամանակավոր նախագահի լիազորությունները
![](/timthumb.php?src=disc/12-02-25/af175705263efdc40868fc47e3aa0944.jpg&w=450)
Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հրաժարականից հետո Սենատի ղեկավար Իլիե Բոլոժանը պաշտոնապես ստանձնել է երկրի ժամանակավոր նախագահի լիազորությունները: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերականից։
Լիազորությունների փոխանցման արարողությունը փետրվարի 12-ի ժամը 12:00-ին տեղի է ունեցել «Կոտրոչեն» պալատում՝ նախագահի պաշտոնական նստավայրում։ Իլիե Բոլոժանը, որը մինչ այժմ Սենատի նախագահն էր և Ազգային ազատական կուսակցության ժամանակավոր առաջնորդը, հրաժարական տված Կլաուս Յոհանիսից ընդունել է լիազորությունները։
Արարողությունից հետո Յոհանիսը հեռացել է «Կոտրոչեն» պալատից։
Փետրվարի 10-ին Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը, որի նախագահական ժամկետը պաշտոնապես ավարտվել էր 2024 թ. դեկտեմբերին, հայտարարեց, որ հրաժարական է տալիս իր պաշտոնի շուրջ ճգնաժամը չբորբոքելու համար։
Հաջորդ օրը Սահմանադրական դատարանն ընդունեց նրա հրաժարականը և որոշում կայացրեց Իլիե Բոլոժանին նշանակել պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։
Ի սկզբանե ակնկալվում էր, որ Յոհանիսը պաշտոնում կմնա մինչև փոխարինողի ընտրությունը 2025 թ. մայիսին նշանակված ընտրություններում:
Յոհանիսի հրաժարականի պահանջ էին ներկայացնում ծայրահեղ աջ թեկնածու Կելին Ջորջեսկուն և ծայրահեղ աջ «Հանուն ռումինացիների միավորման դաշինքի» կողմնակիցները։
Ռումինիայում նախագահական ընտրությունները կայացել են 2024 թ. նոյեմբերի 24-ին, սակայն թեկնածուներից ոչ մեկը չէր ստացել բացարձակ մեծամասնություն։ Ընտրությունների երկրորդ փուլը պետք է կայանար դեկտեմբերի 8-ին, սակայն Սահմանադրական դատարանը չեղարկել էր ընտրությունները՝ դա բացատրելով ռուսական ազդեցությամբ ընտրությունների առաջին փուլի ընթացքում։