ԱԺ-ն ընդունեց Եվրամիությանը ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը
![](/timthumb.php?src=disc/12-02-25/f9b9c4ef5f8e2a38b96db64dfc9c9fff.jpg&w=450)
Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։
Նախագծին կողմ քվեարկեց 63, դեմ 7 պատգամավոր։
Ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին, իսկ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու օրինագծին։
Ազգային ժողովը փետրվարի 11-ից սկսել էր Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քննարկումները։ Նախագիծը ներկայացրել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ սահմանված ժամկետում հավաքելով ԱԺ-ին օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունները։ Նախաձեռնությանը հաջողվել էր հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն։ Հունվարի 9-ին օրինագիծը քննարկվել և հավանության էր արժանացել ՀՀ կառավարության նիստում, որից հետո ուղարկվել էր խորհրդարանի քննարկմանը։
Օրենքի վերջանական տարբերակը, որը հավանության է արժանացել Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում, ունի հետևյալ բովանդակությունը․ «Հայաստանի Հանրապետությունը` արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր՝ հայտարարում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»: