«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԵՄ-ին ՀՀ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քվեարկությանը
![](/timthumb.php?src=disc/12-02-25/0a9adea48c7395dad4e3d8e2c06037af.jpg&w=450)
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այն կարծիքին է, որ Հայաստանը Եվրամիությանը կարող է մոտենալ այնքան, որքան այն չի կարող գոյութենական սպառնալիք առաջացնել։
Սեյրան Օհանյանն այդ մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովում Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները պետք է զարգանան բնականոն ընթացքով՝ հիմնվելով 2017 թվականին ստորագրված Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) վրա։
Նա նշեց, որ CEPA-ն բավարար իրավաքաղաքական հիմք է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համար և հնարավորություն է տալիս, որ Հայաստանը միաժամանակ զարգացնի թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի հետ իր հարաբերությունները։
«Հայաստանի Հանրապետության և Եվրամիություն հարաբերությունները պետք է ունենան բնականոն զարգացում, ինչի ուղղությամբ առկա է հսկայական չօգտագործված հնարավորություն՝ պայմանավորված 2017 թվականին ստորագրված Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) դրույթներով։ Այդ համաձայնագիրը բավարար իրավաքաղաքական հիմք է ՀՀ-ԵՄ հարաբերությունների առաջանցիկ ուղղությամբ։ Այն լավագույնս հարմարեցված է ինչպես ԵՄ-ի հետ Հայաստանի իրավաքաղաքական մոտարկմանը, այնպես էլ Ռուսաստանի հետ ռազմավարական և տնտեսական հարաբերությունների զարգացմանը։
Արտաքին քաղաքական այս ճարտարապետության փոփոխությունը ներկայում հղի է լրջագույն վտանգներով։ Այսինքն՝ չկա իրավապայմանագրային առումով քաղաքական մոտարկման ավելի մեծ հնարավորություն, քան CEPA-ն է, որի ուղղությամբ մինչև օրս կատարված աշխատանքը խիստ անբավարար է։ Մասնավորապես, իրավական պետության, ժողովրդավարության համակարգերի ամրապնդման և մարդու իրավունքների լիարժեք երաշխավորման առումով»,- ասաց Օհանյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ ոչինչ չի խանգարում Հայաստանի գործող իշխանություններին այսօր էլ բավարար քայլեր ձեռնարկել Հայաստանի համար Շենգենյան գոտու վիզայի ազատականացման կամ գոնե վիզայի տրամադրման գործընթացի դյուրացման ուղղությամբ։
«Այսպիսով, մեր կարծիքով՝ այս հարցը ներկայում օրակարգ բերելը խիստ արհեստական, անիրատեսական, աշխարհաքաղաքական իրողություններից կտրված գործողություն է։
Մենք Եվրամիությանը կարող ենք մոտենալ այնքան, որքան այն չի կարող գոյութենական սպառնալիք առաջացնել։ Եվ կարծում եմ, որ այս իրողության մեջ այսպիսի կտրուկ քայլերը միանշանակ մարտահրավեր են բոլորիս համար։
Այս ամենը հաշվի առնելով՝ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի այս օրինագծի քվեարկությանը»,- եզրափակեց Օհանյանը։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունն ավելի վաղ հայտնել էր, որ դեմ է քվեարկելու օրինագծին։
Հարցի քվեարկությունից առաջ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ իրենք կողմ են քվեարկելու նախագծին և խնդրեց 20 րոպե ընդմիջում։
Ազգային ժողովը փետրվարի 11-ից սկսել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քննարկումները։ Նախագիծը ներկայացրել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ սահմանված ժամկետում հավաքելով ԱԺ-ին օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունները։ Նախաձեռնությանը հաջողվել էր հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն։ Հունվարի 9-ին օրինագիծը քննարկվել և հավանության էր արժանացել ՀՀ կառավարության նիստում, որից հետո ուղարկվել էր խորհրդարանի քննարկմանը։