Երիտասարդները տելեգրամյան ալիքի միջոցով թմրանյութեր են ձեռք բերել (տեսանյութ)
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Ազատան գյուղի սկզբնամասում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 32-ամյա մի երիտասարդի։
Ինչպես հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրանյութ: Ազատանցի երիտասարդի հայտնածով՝ թմրանյութը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով։
Ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները Գյումրիից Արևիկ տանող ճանապարհին հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 21 և 22 տարեկան գյումրեցի 5 երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է մարիխուանա։ Երիտասարդը հայտնել է, որ թմրանյութը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։