ԶՊՄԿ տնօրինությունը մերժել է աշխատավարձերը բարձրացնելու գործադուլավորների առաջարկը
Երկու ժամից ավելի շարունակված բանակցությունները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության և արդեն վեցերորդ օրը գործադուլ անող աշխատակիցների միջև այսօր էլ ավարտվեցին անարդյունք։ Ինչպես և երեկվա հանդիպմանը, այսօր ևս համաձայնություն ձեռք չբերվեց, գրում է «Ազատություն»-ը։
«Տնօրինությունը չի ընդունել 120-150 հազար դրամով աշխատավարձերը բարձրացնելու գործադուլավորների առաջարկը։ Անգամ մերժել է սիմվոլիկ չափով որևէ բարձրացում անել, պահանջելով անհապաղ վերադառնալ աշխատանքի», - «Ազատությանը» փոխանցեց գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը։
Ի դեպ, գործադուլի դուրս եկած աշխատակիցները նաև կասկածի տակ են դնում Մետալուրգների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ղեկավար Էդուարդ Փահլևանյանի անաչառությունը՝ հաշվի առելով այն հանգամանքը, որ «արհմիությունը չի տրամադրել աշխատակիցների գործատուի հետ կնքված կոլեկտիվ պայմանագիրը, արհմիության կանոնադրությունը և օրեր առաջ տեղի ունեցած քվեարկության արձանագրությունը, ինչը, ըստ Վահե Մխիթարյանի, պարտավոր էր անել:
Գործադուլը համակարգող խորհրդի անդամը հանդիպումից առաջ «Ազատությանը» փոխանցել էր, որ «մինչև խնդիրը չլուծվի, ընդվզումը շարունակվելու է»։ Մխիթարյանը նաև պարզաբանել էր՝ աշխատավարձի արժանապատիվ բարձրացման իրենց պահանջը ենթադրում է աշխատավարձի բարձրացում 120-150 հազար դրամով. - «Մեր առաջարկը այդքան էլ չի տարբերվում իրենցից, ուղղակի մի փոքր ավելի ուրիշ տեղաբաշխումներ է ենթադրում, ավելի սոցիալական արդարության կողմից է, էլի: Եվ այդ 50 տոկոսը կարող ենք մենք վերածել դրամի, որը որ ենթադրում է մոտավորապես 120-150 հազար դրամ»:
«Հույսով ենք, որ լավ կլինի, էլի: Մենք ուզում ենք, որ էս հիմնարկը աշխատի, մենք էլ գնանք աշխատանքի, բայց մենք նեղվում ենք մեր աշխատավարձից: Մենք չենք նեղվում, էստեղ ինչքան պետք լինի, մնալու ենք, ամիսներով էլ պետք լինի, մնալու ենք, էնքան որ մեր պահանջը կատարեն, մեր արդարացի պահանջը կատարեն», - ասաց գործադուլավորներից մեկը: - «Էստեղ ոչ մեկը հենց էնպես չի հավաքվել, մարդիկ բոլորն էլ գիտակցում են: Թող էսօր իրանք որ ասում են՝ «ձեր աշխատավարձը բարձր ա», բա իրանց աշխատավարձե՞րը ինչքան ա, որ տաքուկ կաբինետներում նստած են, մեզանից մի 40-50 անգամ ավել փող են ստանում, բա դա արդարացի ա՞: Մարդիկ էլ փոշիների, մեքենաների մեջ ռիսկավատներ են անում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։