Թուրքիայում հայ սպանելը սովորական և անպատիժ երևույթ է
Թուրքիայում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի ընկերները հավաքվել էին դատարանի առջև իրենց աջակցությունը հայտնելու Դինքի սպանության գործով վերսկսված դատական գործընթացին:
Թուրքական «T24» լրատվական կայքը տեսանյութ է պատրաստել Դինքի ընկերների մամուլի ասուլիսի մասին: Ելույթ ունեցողներն ընդգծել են, որ Դինքի սպանությունը 1915 թվականից սկսված գործընթացի շարունակությունն է, և Հրանտի սպանության բացահայտումը Թուրքիայի մութ անցյալի լուսաբանման փուլ կլինի: Նրանցից մեկի համոզմամբ ' այն, ինչ տեղի է ունեցել այդ ողջ ընթացքում, ցույց է տալիս, որ հայ սպանելը պետության համար դեռ սովորական և անպատիժ երևույթ է: Այս մասին հայտնում է ermenihaber-ը:
Հավաքվածները բացականչել են «Հանուն Հրանտի, հանուն արդարության», «Մարդասպաններին պաշտպանողները կողմանկից են հանցագործությանը» և հայտնել, որ Դինքի գործը չի ավարտվի, քանի դեռ իրենք այն փակված չեն համարի: