Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրավերով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են Առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը, ՀՀ ՔԾ պետ Ծովինար Թադևոսյանը, ՔԾ առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը:
Աշխատանքային հանդիպման նպատակն էր քննարկել ազատազրկվածների առողջությանն առնչվող խնդիրները: Գործընկերների ուշադրության կենտրոնում է եղել հատկապես վերջին շրջանում տեղի ունեցած ազատազրկվածների ինքնասպանությունների, քաղաքացիական բժշկական կենտրոններում բուժօգնության տրամադրմանն առնչվող հարցերի քննարկումները: Նրանք անդրադարձել են անազատության պայմաններում գտնվող հոգեկան առողջության և վարքային խնդիրներ ունեցող մարդկանց կարիքների գնահատմանը, պատշաճ բուժսպասարկման իրականցմանն ու պատժի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունեցողներին ազատություն վերադարձնելուն առնչվող հիմնախնդիրներին:
Հանդիպմանը քննարկվել են առողջական խնդիրներով պայմանավորված բողոքի դրսևորումների, այդ թվում հացադուլի, ինքնավնասումների իրականացման խորքային պատճառները: